Our Program


Զորի Զորյան

Ախալցխայի 1918-21 թթ. հերոսական ինքնապաշտպանության առաջնորդ Զորի Զորյանի մասին Երվանդ Սիմոնյանի հուշերը։ Հատված Երվանդ Սիմոնյանի “Ախալցխան կրակե օղակում” գրքից (“Հուշարձան” հրատարակչություն, Երեւան, 2000 թ.)։

Image

Զորյան 1929 թ.։

Զորի Նավասարդի Զորյանը ծնվել է 1886 թվականին Թիֆլիսում։ Հայրը՝ Նավասարդը, զոկ էր, Թիֆլիս էր տեղափոխվել Ցղնայից։ Մայրը՝ Էփեմիան, ծնվել էր Թիֆլիսում. եղել իր ժամանակի խելացի ու կրթված կանանցից մեկը։ Նրանք սերել են երեք ուստր՝ Ռուբեն, Տիգրան, Զորի և երեք դուստր՝ Սոնա, Վարսենիկ, Սիրանուշ։ Երեք եղբայրներն էլ եղել են հայ դատի նվիրյալներ։ Ռուբենի բուռն կյանքը վաղ է ընդհատվել։ Տիգրանը “Քաղաքների միություն” կազմակերպության կողմից 1916-1917 թթ. գործուղվել է ռուսական բանակի գրաված մի շարք վայրեր՝ որբերի ե գաղթականների տեղավորման, նրանց սնունդը, հագուստը, բուժսպասարկումը կազմակերպելու նպատակով։ Մահացել է 1942 թվին, Թիֆլիսում։

Զորին գիմնազիան ավարտել էր Թիֆլիսում, ապա ընդունվել և ուսանել պոլիտեխնիկումում՝ տնտեսագիտության մասնագիտությամբ։ Սակայն հոր մահից հետո, նյութական միջոցների սղության պատճառով, կիսատ է թողնում ուսումը։ Երիտասարդական տարիներից նվիրվում հասարակական-քաղաքական գործունեությանը։ 1917 թվի ամռանը ընտրվում է Ախալցխայի քաղաքագլուխ եւ կարճ ժամանակամիջոցում դառնում ժողովրդի սիրելին՝ անխտիր բոլորի, առանց ազգության կամ դավանանքի խտրության։ Այդ վճռական նշանակություն ունեցավ եւ հնարավորություն տվեց Զորյանին 1917-1920 թթ. բախտորոշ օրերին փայլուն կերպով կազմակերպել Ախալցխայի ինքնապաշտպանությունը։ Նրա օրոք, 1917 թ. Ախալցխայում սկսեց լույս տեսնել “Շարժում” թերթը։ Նա ունեցել է մեկ որդի՝ Հրանտ անունով, որը հետագայում տեղափոխվում է Մոսկվա և պետական բարձր պաշտոններ կարում։ 1942 թվականին, 56 տարեկան հասակում Զորին զոհվեց ավտովթարից Թիֆլիսում։ Թաղված է Պետրե-Պավլեի գերեզմանատանը։

Զորին բարակիրան էր, բարձրահասակ, մարմնի դաշն կազմով, գեղեցիկ դեմքով։ Գլուխը, մանանավանդ, շատ էր գեղեցիկ. մետաքսի նման փափուկ, բաց գույնի մազերը նստած էին ճերմակամաշկ, լայն, խոհուն ճակատի վրա։ Սևահոն էր, հոնքերի տակ բարությամբ փայլող խաժ աչքերով։ Դեմքը միշտ մաքուր սափրած էր, երբ, օրվա որ ժամին էլ տեսնեիք։ Կարճ կտրած բեխեր էր կրում։ Ուներ առաքինի, խոհուն ու բարի, անչափ բարի հայացք ու շենշող դեմք, որից ազնվություն ու շիտակություն էր բուրում։ Համեստ էր և՝ ոչ ձևացյալ, այլ բնածին, միանգամայն զերծ ցուցամոլությունից։ Ես բավականաչափ մարդկանց եմ հանդիպել կյանքում, բայց այդքան կիրթ, կուլտուրական, այդքան համեստ ու ազնիվ, այդքան շիտակ ու աննենգ, այդքան ժուժկալ ու անթերի բնավորության չեմ հանդիպել։ Հագնվում էր պարզ, բայց միշտ մաքուր, ըստ պատշաճի։ Խոսում էր ցածր, բարեհնչուն ձայնով, սահուն՝ հայերեն թե ռուսերեն, կամ վրացերեն։ Ինչ լեզվով էլ, ում հետ էլ խոսեր, կխոսեր շատ հանգիստ, առանց բորբոքվելու, բայց համոզիչ ու տրամաբանական։

Իսկ եթե մեկը մտներ նրա աշխատասենյակ, նա իսկույն վեր կկենար, սիրալիր կբարեւեր, կհրավիրեր նստել, նոր միայն կլսեր այցելուին, որին, գործը ավարտելուց հետո, նույն սիրալիրությամբ կճանապարհեր՝ տեղից վեր կենալով ու հրաժեշտ տալով՝ ձեռքը թոթվելով։ Անձամբ ինձ հետ, մի 16 տարեկան պատանուս հետ նա միշտ այդպես էր վարվում, որից ես խիստ անհարմար էի զգում, ամոթից շիկնում ու շփոթվում, երբեմն նույնիսկ ասելիքս մոռանում։

Առաջին անգամ նրան տեսա 1918թ. առաջին օրերին Ախալցխայում։ Դպրոցի դահլիճում ինչ-որ ժողով էր։ Սի քանի մարդ էր դեռ եկել, երբ ներս մտավ Զորյանը, ցիլինդրը հանեց, գլխի շնորհալի շարժումով ընդհանուրին բարևելուց հետո մոտեցավ ու մեկ-մեկ թոթվեց բոլորի ձեռքը։ Զգեստից ճանաչելով, որ ես ճեմարանցի եմ, հարցրեց ճեմարանից, ուսուցիչներից. Ալթունյանից։

Մի անգամ, այդ դառն օրերին, ինքնապաշտպանության գործով Սազել էր եկել։ Ներս մտավ մեր գոմի օդան, ուր սովորաբար հավաքվում էին գյուղացիները՝ որպես ժողովատեղի։ Ընդհանուր բարևելուց հետո բոլորին ձեռք տվեց ու նստեց սաքուի վրա, ցածում, տարեց մարդիկ ինչքան “վեր համմեցեք” արին, չեղավ։ Մնաց ցածում, հանեց ծխախոտատուփը եւ մեկնեց կողքի նստողներին։ Քեռիս, որ սովորություն ուներ միշտ կրակի կողքին նստել, ունելիով կրակ հանեց վառարանից եւ մոտեցրեց Զորյանին, որ գլանակը կպցնի, նա սկզբում հրաժարվեց (քեռիս նրանից տարիքով էր), ապա տեսավ, որ չեղավ, գլանակը վառեց, ապա վեր կացավ, քեռուցս շնորհակալություն հայտնեց ու նորից նստեց։ Ցորյանի մեկնելուց հետո գյուղացիներից մեկը՝ Թաթո պուպուշը, գլուխը տարուբերելով ասաց.
- Աստվածներդ կսիրեք, իսիկ մա՞րդ է, թե՞ հրեշտակ։ Իսպես ալ մարդ ըլլի՞։
Զորի Զորյանը ինքը հավատացյալ չէր, բայց հարգում էր հավատացյալների կրոնական զգացմունքները։ Այսպես, Ախալցխայում կար թուրքական մի մզկիթ։ Երբ թուրքերը սկսեցին Ախալցխայի եւ նրա շրջակա հայ և վրացի գյուղերի պաշարումը՝ 1917 թվի դեկտեմբերի 29-ից, թուրքական մզկիթն իր մոլլայով և փոքրաթիվ հավատացյալներով մնացին ինքնապաշտպանության կոմիտեի հովանու ներքո։

Զորյանը հատուկ պահակ կարգեց հիշյալ մզկիթի վրա, որպեսզի քաղաքի երիտասարդները չքանդեն այն, չվնասեն մոլլային եւ մյուս թուրք բնակիչներին, որ կային Ախալցխայում։ Իհարկե կրոնական այդ հանդուրժողականությունը կապված էր նաև քաղաքական կանխատեսության հետ, որր և լիովին արդարացավ։

Որոշ ժամանակ անց, թե այդ թուրք բնակչության ապահովության և թե այն նպատակով, որ նրանք գաղտնի հարաբերության մեջ չմտնեն մեզ պաշարող թուրքերի հետ և լրտեսություն չանեն ի վնաս ինքնապաշտպանության, Զորյանը կարգադրեց թուրքերին ներկալել քաղաքի բանտում (խորհրդային կարգերի օրոք կոնֆետի ֆաբրիկայի շենքը), որը փետրվարյան հեղափոխությունից հետո դատարկ էր մնացել։ Ներկալված թուրքերի հետ լավ էին վարվում և հնարավորության սահմաններում ապահովում նրանց կարիքները։ Այդ օրերին պաշարված քաղաքն ինքն էլ հացի և գյուղատնտեսական մթերքների սուր կարիք էր զգում, և իր 20-25 հազար բնակչությանը բավարարում էր մի կերպ։ Ծանր, մղձավանջային օրեր էին։ Պաշարված քաղաքը կտրված էր դրսի աշխարհից։ Ազղորը պինդ փակել էր Թիֆլիսի ճամփան։ Ասպինձան կտրել էր մեզ Ախալքալակի հացառատ ու անասնապահական մթերքներով հարուստ շրջանից։ Ախալցխայի գավառի թուրքական գ|ուղերը՝ Ուրավելը, Լեպիսը, Ասպինձան, Ազղորը, Ադիգենր, Փոցխովն ու Քոբլիւան, որտեղից նախկինում քաղաքն ստանում էր իր պարենը, փոխարենը տալով արհեստագործության արտադրանք, այժմ կտրված էին քաղաքից, որը պաշարված էր չորս կողմից։ Չնայած պարենային այս սուղ վիճակին, թուրք գերիները ստանում էին բավարար քանակի սնունդ։

Image

Զորի Զորյանի և իր եղբոր՝ Տիգրան Զորյանի գերեզմանը Թիֆլիսի Պետրե-Պավլեի գերեզմանոցում։

To top

Page address for references / Էջի հասցեն հղումների համար / Aдрес для ссылок:

Copyright © 2007 - 2008 Javakhk 1915-23
Reproduction in full or in part is prohibited without reference to
Javakhk 1915-23